Մշակույթ
Ֆինլանդիայի նախագահն ու Նորվեգիայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ
Այսօր Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն համատեղ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սկանդինավյան երկրների ղեկավարների նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու միջազգային ջանքերը։ Նրանք շեշտել են լարվածության թուլացման անհրաժեշտությունը՝ հաջորդ ամիս Աբու Դաբիում նախատեսված ԱՄՆ-Ուկրաինա-ՌԴ ձևաչափով հանդիպումից առաջ։ Ըստ համատեղ հաղորդագրության՝ սկանդինավյան երկրների ղեկավարները Պուտինին հայտնել են, որ շարունակելու են աջակցել Ուկրաինային և ընդգծել են խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Ստուբը զրույցը բնութագրել է որպես «անկեղծ և բովանդակալից»։ Պաշտոնական Կրեմլը նույնպես հաղորդագրություն է տարածել, որում հաստատել է հեռախոսազրույցի փաստը և նշել, որ կողմերը մտքեր են փոխանակել ճգնաժամի կարգավորման շուրջ։ «Ընդգծվել է, որ արդար, երկարաժամկետ խաղաղության հասնելը հնարավոր է միայն Ռուսաստանի օրինական շահերը լիարժեք հաշվի առնելու դեպքում», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Ռուսական պետական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քննարկման ընթացքում հաշվի է առնվել Պուտինի և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև վերջերս տեղի ունեցած հանդիպումը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Օսլոյում սկանդինավյան երկու երկրների ղեկավարները հանդիպել էին Զելենսկու և Ուիթքոֆի հետ, որը հաջորդ օրը մեկնել էր Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպման։ Ալեքսանդր Ստուբը և Յոնաս Գար Ստյորեն զրուցել են նաև Զելենսկու հետ։ Զելենսկին X-ում գրել է, որ երախտապարտ է Ֆինլանդիային և Նորվեգիային՝ փոխանցված տեղեկատվության համար։ «Ալեքսն ու Յոնասը Ռուսաստանի ղեկավարին հստակ ասել են, որ լարվածության թուլացմանն ուղղված իրական քայլեր են անհրաժեշտ մեր էներգետիկ համակարգի և ենթակառուցվածքների համար»,-գրել է Զելենսկին։ Պուտինի հետ հեռախոսազրույցը ոչ միանշանակ է ընդունվել, ԵՄ որոշ անդամներ քննադատել են այն։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն ասել է, որ «շատ կասկածամտորեն» է վերաբերվում այդ քայլին, և որ Եվրոպան պետք է միասնական մնա։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն իր հերթին նշել է, որ խաղաղությունը պահանջում է «ուժ», այլ ոչ թե «զիջողականություն», որ Պուտինը զինադադարի հասնելու ոչ մի նշան ցույց չի տվել։ Նշենք, որ Ստուբն ու Ստյորեն հանդես չեն եկել որպես ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչներ։ Այնուամենայնիվ, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նախապես տեղեկացված է եղել նախատեսվող զանգի մասին։ Անցյալ շաբաթ Կոշտան Rapporteur պարբերականին հայտնել էր, որ Եվրոպական միությունը չի ցանկանում մրցակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար ջանքերի հետ։ Կոշտան նշել էր, որ այս տարվա սկզբին իր հանձնարարությամբ գաղտնի դիվանագիտական խողովակի միջոցով կապ է ստեղծվել Կրեմլի հետ։ Հայտնի չէ, թե որքանով է այս կապն ակտիվ։ ԵՄ դիվանագետները Ստուբին դիտարկում են որպես ռուս-ուկրաինական պատերազմի բանակցություններում ԵՄ-ի հնարավոր ներկայացուցիչ։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





