Մշակույթ
Հաշմանդամություն ունեցող ընտանիքի տան աճուրդն անվավեր ճանաչելու հայցը մերժվել է. գնորդը տունը վաճառել է իր մտերիմին
Խուդայանների՝ հաշմանդամություն ունեցող ընտանիքին 2025-ի օգոստոսի 4-ին ոստիկանները վտարել են սեփական տնից, որն աճուրդով, շուկայականից չորս անգամ ցածր գնով՝ մոտ 9 միլիոն դրամով վաճառվել է Վազգեն Հովհաննիսյանին։ Ընտանիքի իրավունքների պաշտպանությունը ստանձնած «Հաշմանդամություն ունեցող անձանց օրակարգ» ՀԿ-ի փաստաբան Գայանե Գևորգյանը Սնանկության դատարան հայց էր ներկայացրել՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով։ Հոկտեմբերի 26-ին դատարանը, նախագահությամբ դատավոր Արտաշես Հովհաննիսյանի, մերժել է հայցադիմումը։ Փաստաբան Գայանե Գևորգյանն ասաց, որ ամբողջական վճիռը դեռ չեն ստացել, երբ ծանոթանա մերժման հիմքերին, կմեկնաբանի որոշումը։ Փաստաբանը հայտնեց նաև, որ հայցին զուգահեռ 2025 թվականի նոյեմբերին միջնորդել էին գույքի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառել, որ գնորդը չկարողանա առք ու վաճառքի որևէ գործողություն կատարել մինչև դատաքննության ավարտը։ Սակայն պարզվել է, որ գույքը վերավաճառվել և անվանափոխվել է, հետևաբար չի կատարվել դատարանի որոշումը։ Գայանե Գևորգյանի խոսքով՝ սա դատարանի բացթողումն է. «Ես Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հարցում եմ արել, որ պարզեմ, թե այժմ գույքի նկատմամբ արգելանք կա՞, թե՝ ոչ։ Այդ հարցման պատասխանին եմ սպասում, որ հասկանամ՝ ու՞մ սխալն է, որ ունենք այս իրավիճակը»,- նշում է նա։ Ըստ փաստաբանի՝ երբ նոյեմբերին դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում է կայացրել, այն ուղարկել են կատարման, ինչի ժամանակ սխալ տվյալներ են նշվել՝ այլ գույքի և այլ անձի տվյալներ։ «Մենք այդ ժամանակ բանավոր կերպով դիմել ենք դատարանին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, ամեն մեկը մյուսի վրա է գցել կատարվածը։ Երբ դեկտեմբերին գրավոր դիմեցի դատարանին, այդ ժամանակ դատարանը կատարողական թերթ ուղարկեց, ինչի հիման վրա Հարկադիրը որոշեց գույքի նկատմամբ արգելանք կիրառել։ Սակայն այդ ընթացքում՝ դեկտեմբերի 5-ին, գնորդը հասցրել էր տունը վերավաճառել և անվանափոխել»,- ասաց փաստաբան Գայանե Գևորգյանը։ Փաստաբանի ձեռքում են առքուվաճառքի փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Վազգեն Հովհաննիսյանը տունը վաճառել է 10 մլն դրամով։ Կադաստրի կոմիտեից ստացած տվյալներից «Հետքը» պարզեց, որ Խուդայանների տունն այժմ Նարեկ Ռոբերտի Առաքելյանի անվամբ է գրանցված։ Իսկ Նարեկ Առաքելյանը Վազգեն Հովհաննիսյանին մտերիմն է։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, Նարեկ Առաքելյանի հայրը՝ բեյրութահայ ռեժիսոր Ռոբերտ Առաքելյանը, «Քաղցած չէին սպասում» հաղորդման ընթացքում Վազգեն Հովհաննիսյանին ներկայացնում է որպես իրենց ընտանիքի բարեկամ, նշում, որ իմացել են Վազգենի մասին «Հեռատեսիլ» հաղորդումից, որտեղ պատմել են, որ Վազգեն Հովհաննիսյանը զինհաշմանդամ է։ «Զինվորի մասին հաղորդում էր, որ վիրավորվել է սահմանի վրա, վիրահատություններ է տարել, և նրա նկարագիրը մենք շատ սիրեցինք, և ընտանյոք ծանոթացանք նրա հետ, և այսօր նա մեզ շատ հարազատ մարդ է»,- նշել է Ռոբերտ Առաքելյանը։ Նախկինում Արմավիր համայնքում գտնվող մեկ բնակարան էլ Ռոբերտ Առաքելյանը նվիրատվություն էր կատարել Վազգեն Հովհաննիսյանին։ Այսինքն՝ հնարավոր է, որ տեղի է ունեցել ձևական առքուվաճառք, և Վազգեն Հովհաննիսյանի նպատակը եղել է տան անվանափոխությունը։ Խուդայանների տան վերաբերյալ կա նաև քրեական վարույթ։ Դատախազությունը, հիմք ընդունելով «Հետքի» հրապարակումը, վարույթ էր նախաձեռնել՝ պարզելու աճուրդի օրինականությունը և հնարավոր չարաշահումները։ Սնանկության կառավարիչ Վ. Ապրեսյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Չարաշահումները հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել): Քրեական վարույթի նախաքննությունից այլ մանրամասներ չկան։ Գայանե Գևորգյանն ասաց, որ Սերգեյ Խուդայանին դատահոգեբանական փորձաքննության են ենթարկել, որի եզրակացությունը դեռ չեն ստացել։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





