Մշակույթ
ԵՄ-ում տարաձայնություններ կան Կանադային ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու շուրջ
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հոկտեմբերի 29-ին և 30-ին մեկնելու են Մոնրեալ՝ մասնակցելու ԵՄ-Կանադա 21-րդ գագաթնաժողովին: Գագաթնաժողովից երկու օր առաջ ԵՄ անդամ երկրների միջեւ դեռևս տարաձայնություններ կան Կանադային «ասոցացված անդամ»-ի կարգավիճակ առաջարկելու նախաձեռնության շուրջ: Այսօր Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը արգելափակել են ԵՄ-ի հայտարարությունը, որում Կանադան որպես «ասոցացված անդամ» բնութագրող ձևակերպում կար: Ըստ POLITICO-ի՝ այսօրվա հայտարարության սևագրից «ասոցացված անդամ» եզրույթն ամբողջովությամբ հանելու նախաձեռնությունը գլխավորել է Գերմանիան։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջին անգամ ասոցացված անդամակցության գաղափարը հնչեցրել էր սեպտեմբերին, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի՝ ԵՄ պաշտոնական այցի ժամանակ: Այնուամենայնիվ, ինչպես հայտնել են մի շարք միջազգային պարբերականներ, այս առաջարկն անելիս Ֆոն դեր Լայենը չէր խորհրդակցել ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ: ԵՄ-ն դեռևս չունի հստակ պատասխաններ, թե գործնականում ինչ է նշանակում ասոցացված անդամակցությունը։ Այն, ըստ երևույթին, ԵՄ-Կանադա աշխարհաքաղաքական դաշինքն ամրապնդելու փորձ է։ ԵՄ դեսպանները հայտարարության վերջնական տեքստը կքննարկեն վաղը՝ փորձելով համաձայնության գալ մինչև գագաթնաժողովի մեկնարկը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերին այս գաղափարն անվանել էր «ծիծաղելի» և սպառնացել ի պատասխան խոշոր մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ի նկատմամբ: ԵՄ-Կանադա գագաթնաժողովին նախատեսվում է ազդարարել ԵՄ-Կանադա «Ապագայի դաշինքի» (Alliance for the Future) մեկնարկի մասին: Ըստ Եվրոպական խորհրդի՝ այս գործընկերության նպատակն է խորացնել տնտեսական հարաբերությունները, ամրապնդել ժողովուրդների միջև կապերը և ուժեղացնել համատեղ գործողությունները համաշխարհային ասպարեզում: Քննարկվելու են նաև առևտրին, թվային ոլորտին, կրիտիկական նշանակության հումքին, անվտանգությանը, կրթությանը, համատեղ հետազոտություններին և երիտասարդությանը վերաբերող մի շարք հարցեր: Նշենք, որ ԵՄ-ն և Կանադան ստորագրել են համագործակցության մի շարք համատեղ համաձայնագրեր, օրինակ՝ 2016 թվականի Ռազմավարական գործընկերության համաձայնագիրն (SPA) ու Համապարփակ տնտեսական և առևտրային համաձայնագիրը (CETA): CETA-ի շրջանակներում կողմերը վերացրել են մաքսատուրքերը ապրանքների 98%-ի համար: 2025 թվականին ԵՄ-ն և Կանադան նաև գործընկերություն են հաստատել անվտանգության և պաշտպանության ոլորտում: Կանադան մասնակցում է SAFE (Security Action for Europe) ծրագրին: Իսկ 2026 թվականին ստորագրած համաձայնագրով կանադական ռազմարդյունաբերական ընկերությունները կարող են սպառազինություն մատակարարել ԵՄ-ին SAFE-ի շրջանակներում: Երկու կողմերը նաև համագործակցում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։ Լուսանկարը՝ FREDERIC SIERAKOWSKI
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





