Արթիկում և Մարտունիում ընտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիր «Ապրելու երկիրը», «Հայրենիքը» և «Մեր հայրենիքը» հայտնում են՝ իրենց մի շարք թիմակիցներ են բերման ենթարկվել։ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ։ Այս մասին հայտնել է կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը՝ տեղի ունեցածը որակելով որպես իշխանությունների կողմից իրենց թիմի նկատմամբ «հերթական ապօրինի բռնաճնշում»։ «Սա իշխանությունների կողմից մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է, որի նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում», - նշել է Թանդիլյանը։ «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Լևոն Վահրադյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ իրենց թիմակիցներից ևս կան բերման ենթարկվածներ և այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում են։ Մարտունիում ևս այսօր առավոտյան բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանին։ Այս մասին հայտնում է ՀՀԿ անդամ Հենրիխ Դանիելյանը՝ տեղի ունեցածը որակելով որպես քաղաքական հետապնդում և ընդդիմության նկատմամբ ճնշման դրսևորում։ Միևնույն ժամանակ, որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի ընդդիմադիր քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ։ «Ազատությունը» այս տեղեկությունների վերաբերյալ դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից հայտնել են, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Հայաստանի մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և այլ վարութային գործողություններ։ Կոմիտեի փոխանցմամբ՝ կան նաև ձերբակալված անձինք։ Սակայն թե կոնկրետ ովքեր են ձերբակալվածները և արդյոք նրանց թվում են Եղեգնաձորի պաշտոնյաները, կոմիտեն չի հստակեցրել։ Հոկտեմբերի 25-ին ավագանու ընտրություններ են նախատեսված Հայաստանի 19-ը հիմնականում խոշոր համայնքներում, այդ թվում՝ Արթիկում, Մարտունիում և Եղեգնաձորում: